Լոռու մարզում 29 տեղանուն փոխելու առաջարկների ցանկն ուղարկվեց մարզպետին.

22.08.2019

Լոռու մարզում 29 տեղանուն փոխելու առաջարկների ցանկն ուղարկվեց մարզպետին. Ալավերդին՝ Լալվար, Ջիլիզան՝ Խորակերտ…
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ուղղված նամակում Կադաստրի կոմիտեի ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը մարզի 29 տեղանունների փոփոխությունների հին ու նոր առաջարկների ցանկն է ամբողջացրել՝ խնդրելով համապատասխան համայնքներում քննարկել դրանք և կարծիք հայտնել։ 

Փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնականում բացատրվում է ներկայիս տեղանունների օտարամուտ լինելով։ Ցանկում կան նաև անվանումներ, որոնք պարզապես անբարեհունչ են. օրինակ, Առողջարանին կից գյուղ, Փամբակ կայարանին կից գյուղ, Արջուտ կայարանին կից գյուղ և Քոբեր կայարանին կից գյուղ անուններն առաջարկվում է դարձնել Հովտանուշ, Փամբակավան, Արջուտավան և Քոբայր։ Նույն առաջարկների մեջ են՝ Ալավերդի քաղաքն անվանափոխել Լալվար, Ջիլիզա գյուղը՝ Խորակերտ, Ախթալա քաղաքը՝ Արծաթահանք, Ախթալա գյուղը՝ Սպիտակաշեն… ( վերջին 2 առաջարկները մշակել է Հանձնաժողովի նոր կազմը, որն արդեն Սարհատ Պետրոսյանի ղեկավարության օրոք է ձևավորվել և որն ի պաշտոնե նախագահում է Պետրոսյանը)։ 

Բացասական կարծիքի դեպքում համայնքը պետք է նոր առաջարկ-անվանում ներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հաշվի առնելով տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները և զերծ մնալով անձնանուններից, ինչպես նաև օտարամուտ, կրկնվող, անբարեհունչ տեղանուններից

Աղբյուրը՝ Cadastre.am