Անշարժ գույքի շուկան՝ Հայաստանի մարզերում. Ամբողջ հույսը երեւանցիներն են

06.12.2017

Հայաստանի մարզային փոքր քաղաքներում եւ գյուղերում անշարժ գույքի շուկայի վիճակի մասին տեղեկությունները բավական սուղ են: Մենք որոշեցինք իրավիճակը պարզել 2 օրինակով:

Ֆինանսապես ապահովված երեւանցիները հաճախ լրացուցիչ բնակարան են ձեռք բերում մայրաքաղաքին մերձակա գյուղերում կամ փոքր քաղաքներում՝ հիմնականում ամառային հանգիստն այնտեղ անցկացնելու համար: Որպես կանոն, գնվում է առանձնատուն (կամ, ինչպես մեզ մոտ են ասում՝ «սեփական տուն»), տնամերձ հողամասով:

Սակայն որոշ դեպքերում դա կարեղ է նաեւ բնակարան լինել: Ասենք՝ Ծաղկաձորում, որը մայրաքաղաքից մոտ 50 կմ է հեռու: Երեւանցիներից շատերի համար այս հանգստավայրային քաղաքը ամռանը բավականին գրավիչ է, երբ մայրաքաղաքում 40 աստիճան շոգ է: Իսկ ձմռանը սպորտի սիրահարները կարող են դահուկներով կամ սահնակով սահել, դրա համար բոլոր պայմանները կան:  

Այս՝ համեմատաբար փոքր բնակավայրում 7 բազմաբնակարան շենք կա՝  166 բնակարանով: Նշենք, որ Ծաղկաձորում բնակարանի 1 քառ.մետր մակերեսի արժեքն ավելի բարձր է, քան մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում: Ինչպես հայտնի է, այս շրջանը մտնում է Երեւանի անշարժ գույքի շուկայի միջին գների հատվածի մեջ, եւ այնտեղ բնակարաններն ամենևին էժան չեն:  

Ծաղկաձորում 415 առանձնատուն կա՝ ինչպես կեսդարյա հնության, այնպես էլ համեմատաբար նոր: Եթե հիմք ընդունենք պաշտոնական տվյալները, ստանդարտ առանձնատան (200 քառ.մետր մակերեսով եւ 1000 քառ.մետր տնամերձ հողամասով) շուկայական միջին արժեքը համարժեք է 125 հազար դոլարին:     

Մայրաքաղաքից հեռու գտնվող մարզերում իրավիճակը միանգամայն տարբերվում է: Վայոց ձորի մարզի գյուղերից մեկում, օրինակ, բնակարանի գնորդ գտնելը բավականին բարդ է: Որպես կանոն, տեղացիներն արդեն տուն ունեն, իսկ լրացուցիչ գնում կատարելու համար նրանց մեծ մասը փող չունի: Երեւանցիներն էլ այդ բնակարաններով չեն հետաքրքրվում:

Օրինակ՝ վերջերս գյուղացիներից մեկը վաճառեց իր երկհարկանի տունը: Այն, իհարկե, կապիտալ նորոգման կարիք ուներ, բայց փոխարենը տնամերձ հողամասը բավականին մեծ էր: Վաճառողն իր տունը 10 հազար դոլար էր գնահատել, իսկ գնորդը, որը «ունեւոր» տեղացիներից էր, համաձայվել էր գնել, սակայն 1000 դոլար զեղչով: Այսինքն՝ 9 հազար դոլարով: Ըստ որում՝ գնորդն այդքան գումար չուներ, այդ պատճառով համաձայնության եկան կեսը վճարելուն: Նոր սեփականատերը պարտավորվեց պարտքը հետագայում մարել:  

Մեկ ուրիշ գյուղացի արդեն երկար ժամանակ փորձում է 30 հազար դոլարով վաճառել իր երկհարկանի տունը՝ կահույքով, ավտոտնակով եւ տնամերձով: Բայց նրա համագյուղացիների համար նման չափի գումարն ուղղակի ֆանտաստիկ է: Այնպես որ՝ նրան մնում է հույսը դնել հրաշքի վրա կամ էժանացնել:

Նույնպիսի անմխիթարական վիճակ է նաեւ երկրի մի շարք այլ բնակավայրերում:

 Սմբատ Գրիգորյան